Հիշողություն
ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ
Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել:
Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:
Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Հարցեր և առաջադրանքներ
1. Ծիծեռնակն ի՞նչ էր անում:
2. Ինչպիսի՞ն էր ծիծեռնակը:
3. Առանձնացրո՛ւ բանաստեղծության քեզ համար ամենասիրելի քառատողն ու վերնագրի՛ր:
4. Նշված բառերն առանձնացրո՛ւ և հոմանիշ (իմաստով մոտ) բառեր գրի՛ր:
Օրինակ՝ կպցնել-ամրացնել
5. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր և սյունակներում առանձնացրո՛ւ համապատասխան հարցերին պատասխանող բառեր:
| Ի՞նչ | Ի՞նչ էր անում |
6. Շարունակի՛ր հորինել՝ փակագծերի հարցերը փոխարինելով համապատասխան բառերով:
Չմոռանա՛ս վերնագիր գրել:
Կար- չկար մի (ինչպի՞սի) ծիծեռնակ կար: Նա շատ էր սիրում (ի՞նչ անել): Մի անգամ նա որոշեց (ի՞նչ անել) և …