Վահան Տերյան
Վահան Տերյան (իսկական անունը՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան, հունվարի 28 (փետրվարի 9), 1885, Գանձա, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն – հունվարի 7, 1920[1], Օրենբուրգ, Խորհրդային Ռուսաստան[1]), նշանավոր հայ բանաստեղծ, քնարերգու և հասարակական-քաղաքական գործիչ։
Տերյանի ստեղծագործությունների առաջին՝ «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն լույս է տեսել 1908 թվականին Թիֆլիսում և արժանացել է շատ ջերմ ընդունելության թե՛ ընթերցողների, թե՛ քննադատների շրջանում։ 1915 թվականին «Մշակ» թերթում հրատարակվել է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը։ 1912 թվականին հիմնադրել է «Պանթեոն» հրատարակչությունը և ծավալել գրահրատարակչական, թարգմանական լայն գործունեություն։
1915–1916 թվականներին Տերյանը մասնակցել է Վալերի Բրյուսովի և Մաքսիմ Գորկու կազմած ու խմբագրած «Հայաստանի պոեզիան» և «Հայ գրականության ժողովածու» գրքերի ստեղծման աշխատանքներին։ Հայերենից ռուսերեն է թարգմանել Գաբրիել Սունդուկյանի «Պեպոն», Րաֆֆու «Կայծերի» առաջին հատորը, Շիրվանզադեի «Չար ոգին»։
1916 թվականին սկսել են նկատվել Վահանի կրծքում բուն դրած թոքախտի նշանները։ Նա բժշկվելու համար մեկնել է Կովկաս, բայց Փետրվարյան հեղափոխությունը նրան դրդել է թողնել բուժումը և գնալ Պետերբուրգ։ Խորհրդային իշխանության հաստատման առաջին իսկ օրերից դարձել է Ստալինի մոտիկ աշխատակիցը[2]։
Հովհանես Թումանյանը իր Փարվանա պոեմը գրել է Գանձա գյուղում Վահան Տերյանի տանը։
